Կառուցվածքային փոփոխությունները ենթադրում են նաև կադրերի կրճատում։ Կառավարության երեկվա նիստից հետո բնապահպանության նախարար ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ հարցրինք՝ քանի՞ աշխատող է կրճատվելու։ «Ցավոտ տեղի կպաք. ցանկացած գերատեսչության համար այսօր դա ծանրագույն հարցերից մեկն է։ Կառուցվածքային փոփոխությունների նախնական նախագիծը ներկայացրել ենք, փոփոխություններ լինելու են ոչ միայն կենտրոնական մարմնում, այլև գործակալություններում։ Ըստ նախնական հաշվարկների՝ ենթադրվում է մոտ 21-22 %-ով կադրերի կրճատում։ Երկրորդ ՝ ներկայացրել ենք չորս ՊՈԱԿ-ների միավորման նախագիծը։ Այդ միավորման արդյունքում հաստիքների ևս 20 %-ի կրճատում կլինի։ Երրորդ փուլում նախատեսում ենք բարեփոխում իրականացնել բնապահպանական պետական տեսչությունում։ Չորրորդ փուլում աշխատելու ենք շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության կենտրոնը առավել օպտիմալ համակարգ դարձնելու ուղղությամբ»,- պարզաբանեց նախարարը։ Իսկ մեզ հետաքրքրեց, թե գործնականում ե՞րբ է ավարտվելու այդ չորսփուլանոց ծրագիրը։ «Դա կախված է բնապահպանական տեսչական բարեփոխումների ընթացքից։ Ես խնդրել եմ, որ այդ կառույցի բարեփոխումը դիտարկվի առանձին, քանի որ բնապահպանության պետական տեսչությունը պետք է ունենա հատուկ ծառայության կարգավիճակ, այն չի կարող արդյունավետ գործել քաղաքացիական աշխատողների ստանդարտ՝ առավոտյան 9։00-18։00-ի ռեժիմով, քանի որ ձկնագողությունը, ապօրինի որսը, ինչպես նաև կենսաբազմազանության, օդի, ջրային ավազանների պահպանումը պահանջում են ամենժամյա հսկողություն։ Սա նշանակում է, որ մենք պետք է ձևավորենք այնպիսի ծառայություն, որի աշխատակիցներն օժտված լինեն հատուկ իրավասություններով, կառույցը հագեցած լինի ժամանակակից սարքավորումներով, ինչպես նաև պետք է ապահովագրել աշխատակիցների կյանքն ու առողջությունը։ Այդ տեսակետից այս կառույցը էապես տարբերվում է մյուսներից։ Իհարկե, միջազգային պրակտիկայում գործում է նաև բնապահպանական ոստիկանությունը, սակայն, ամենայն հավանականությամբ, մենք այդ երկրորդ մոդելը չենք ընտրի, կիրականացնենք առաջինը, որը նույնպես ընդունված է միջազգային պրակտիկայում»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ժասմեն ՎԻԼՅԱՆ